ՄՌՏ ՀՏ գիտաժողով
Սույն թվականի սեպտեմբերի 23-24-ը Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում տեղի ունեցավ «ՄՌՏ և ՀՏ ժամանակակից հնարավորություններն օնկոլոգիայում» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը:
Այն կազմակերպվել էր «Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի» և «Դիավանտ» ընկերության համատեղ նախաձեռնությամբ:
Գիտաժողովին ներկա էին Երևանից, ՀՀ տարբեր մարզերից և Արցախից ժամանած 200-ից ավելի բժիշկ ռադիոլոգներ: Զեկույցներով հանդես եկան ՌԴ-ից հրավիրված առաջատար մասնագետներ, այդ թվում `
– Բախտիոզին Ռուստամ Ֆարիդովիչ, բ․գ․դ․, Ճառագայթային ախտորոշման ամբիոնի պրոֆեսոր, Սեչենովի անվան Առաջին Պետական Բժշկական Համալսարան, (Մոսկվա)
– Ռոզենգաուզ Եվգենի Վլադիմիրովիչ, բ.գ.դ., Ճառագայթային ախտորոշման և ճառագայթաբուժման ամբիոնի պրոֆեսոր, Մեչնիկովի անվան Հյուսիս-արևմտյան Պետական Բժշկական Համալսարան, առաջատար գիտական աշխատող, Ռուսաստանի Ճառագայթային և Վիրաբուժական տեխնոլոգիաների գիտական կենտրոնի ՀՇ բաժանմունքի ղեկավար (Սանկտ-Պետերբուրգ)
Գիտաժողովին ներկայացված զեկույցները հիմնականում նվիված էին տարբեր օնկոպաթոլոգիաների՝ լյարդի, մարմնի ընդհանուր ուռուցքային ախտահարումների, առանձին օրգան-համակարգերի մետաստատիկ ախտահարումների ոլորտում ՄՌՏ-ի և ՀՏ-ի նորագույն հետազոտությունների լուսաբանմանը:
Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ Կոստան Գալումյանն իր խոսքում նշեց.
– «Ռադիոլոգիան շատ կարևոր դեր ունի, ոչ միայն օնկոլոգիայում, այլ նաև ամբողջ առողջապահական համակարգում: Եվ, քանի որ օնկոռադիոլոգիայի զարգացումը արդիական խնդիրներից մեկն է, Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի նպատակն է ռադիոլոգների համար այս ոլորտն ավելի մատչելի դարձնել: Այսօր դահլիճում ներկա է հանրապետության ռադիոլոգների գերակշիռ մասը՝ շուրջ 70-80%-ը, որը շատ գովելի է:»
Կոնֆերանսը Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի և «Դիավանտ» ընկերության առաջին համատեղ աշխատանքն էր, որը մեծ արձագանք ստացավ ոչ միայն ռադիոլոգների, այլ նաև բժշկական ոլորտի այլ ներկայացուցիչների շրջանում:
Ռադիոլոգների հայկական ասոցիացիան իր խորին շնորհակալությունն է հայտնում «Դիավանտ» ընկերությանը, ի դեմս տնօրեն Դավիթ Առաքելյանի, համոզված լինելով, որ նմանատիպ բարձրակարգ գիտաժողովների համատեղ կազմակերպումը լինելու է շարունակական:
Շնորհակալություն ենք հայտնում նաև Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի գլխավոր գործընկեր «Տակեդա» ընկերությանը և գիտաժողովին մասնակցած բոլոր ռադիոլոգներին, հույս ունենալով կրկին հանդիպել նրանց մոտ ապագայում նախատեսվող միջոցառումների ժամանակ:
Գիտաժողովի բոլոր լուսանկարները դիտեք ԱՅՍՏԵՂ: