ESR Meets Armenia, ECR-2021
Մարտի 7-ին Ռադիոլոգիայի եվրոպական համագումարի շրջանակներում տեղի ունեցավ ESR Meets Armenia ծրագիրը:
Ծրագրի խորագիրն էր՝ Հինավուրց երկրի ծաղկող ռադիոլոգիան: Ծրագրի ընթացքում Ռադիոլոգների հայկական ասոցիացիան աշխարհի տասնյակ հազարավոր ռադիոլոգների ներկայացրեց մեր երկրի ռադիոլոգիայի պատմությունն ու զարգացումը, արդի կլինիկական դեպքերը, հնարավորությունները օրդինատորների համար, ինչպես նաև ռադիոլոգիայի մեր տեսլականը:
Ծրագրի սկզբին Ռադիոլոգիայի եվրոպական միության նախագահ պրոֆեսոր Մայքլ Ֆուգսիեգերը ողջունեց Հայաստանի ներկայացուցիչներին և իր գոհունակությունը հայտնեց երկու կազմակերպությունների՝ Ռադիոլոգիայի եվրոպական միության և Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի վերջին տարիների ամուր և արդյունավետ համագործակցության կապակցությամբ:
Ելույթով հանդես եկան ՌՀԱ նախագահ, բ.գ.թ. Կոստան Գալումյանը, ՌՀԱ քարտուղար Նարեկ Մատինյանը, ՀԱԱԿ ճառագայթային ախտորոշման բաժանմունքի ղեկավար, բ.գ.թ. Հովհաննես Վարդևանյանը և Աստղիկ ԲԿ ռադիոլոգ Մերի Թալանյանը:
Ելույթներից բացի մեր մասնակիցները պատրաստել էին Հայաստանի մշակույթը ներկայացնող երեք տեսահոլովակ՝ հայկական երաժշտության, պարերի և հյուրասիրության մասին: Տեսահոլովակներն ու ելույթները կարող եք դիտել մեր ֆեյսբուքյան էջում: