Գիտագործնական սեմինար
Հոկտեմբերի 15 և 16-ին Doubletree by Hilton հյուրանոցի կոնֆերանս-դահլիճում տեղի ունեցավ «Ձվարանների ուռուցքների ախտորոշման (ՈւՁՀ, ՀՏ, ՄՌՏ) և բուժման արդիական խնդիրների միջգիտակարգային լուծումներ» թեմայով գիտագործնական երկօրյա սեմինարը, որը կազմակերպվել էր «Մանկաբարձությունում և գինեկոլոգիայում ուլտրաձայնային ախտորոշման հայկական ասոցիացիայի» և «Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի» համատեղ ջանքերի շնորհիվ, General Electric-ի հայաստանյան ներկայացուցիչ Ար.Մեդտեխնիկա ընկերության հովանավորչյությամբ: Գիտաժողովում զեկուցողների թվում էին նաև Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի երեք անդամներ, ովքեր ներկայացրին հետևյալ թեմաներով զեկույցներ.
– «ՀՇ նշանակությունը ձվարանների առաջնային և մետաստատիկ ուռուցքների ախտորոշման և փուլավորման գործում: Չարորակ պրոցեսի կրկնողականության ախտորոշումը և բուժման արդյունավետության գնահատումը» (Կոստան Գալումյան, Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ, Նաիրի ԲԿ-ի համակարգչային շերտագրման ծառայության առաջատար մասնագետ)
– «Մագնիսա-ռեզոնանսային շերտագրման դերը ձվարանների ծավալային գոյացությունների ախտորոշման հարցում» (Նարեկ Մատինյան, Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի քարտուղար, ԿՀՄԻ ԲԱԿ-Երևան բժշկական կենտրոնի ՄՌՏ բաժանմունքի վարիչ)
-«Փոքր կոնքի օրգանների ՄՌՇ» (Արմեն Վասիլյան, Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի անդամ, Նաիրի ԲԿ-ի մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի առաջատար մասնագետ):
Սեմինարին ներկա էին բազմաթիվ գինեկոլոգներ և ռադիոլոգներ ինչպես Երևանից, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերից:
Ռադիոլոգների հայկական ասոցիացիան սերտ համագործակցության համար իր խորին շնորհակալությունն է հայտնում «Մանկաբարձությունում և գինեկոլոգիայում ուլտրաձայնային ախտորոշման հայկական ասոցիացիային»՝ ի դեմս նախագահ Կարինե Թոխունցի: Այս սեմինարը ս/թ հունիսի 4-ին Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի և Մանկաբարձությունում և գինեկոլոգիայում ուլտրաձայնային ախտորոշման հայկական ասոցիացիայի միջև ստորագրված համագործակցության և փոխըմբռնման հուշագրի արդյունքն է, և մենք համոզված ենք, որ ապագայում ևս համատեղ կկազմակերպենք նմանատիպ բարձրակարգ գիտաժողովներ։