Էպիլեպսիայի օրեր
Դեկտեմբերի 4-5-ը Մոսկվայի տանը կայացավ «Էպիլեպսիայի օրերը Հայաստանում» խորագրով հայ-ֆրանսիական գիտակրթական սեմինարը, որը կազմակերպվել էր Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի կողմից՝ Նաիրի բժշկական կենտրոնի հետ համատեղ:
Միջոցառումը կրեդիտավորված էր ՀՀ առողջապահության նախարարության կողմից, բոլոր մասնակիցները ստացան ՇՄԶ կրեդիտներ:
Սեմինարին մասնակցում էին ինչպես Երևանի, այնպես էլ շրջաններից ժամանած ռադիոլոգներ, նյարդաբաններ, նյարդավիրաբույժներ և Ֆրանսիայից հրավիրված մեր գործընկերները: Սեմինարի նպատակն էր բարձրացնել ոլորտում առկա խնդիրները և առաջարկել արդյունավետ լուծումներ:
Սեմինարն սկսվեց Ռադիոլոգների հայկական ասոցիացիացիայի նախագահ, բ.գ.թ. Կոստան Գալումյանի ողջույնի խոսքով, այնուհետև սեմինարը շարունակեց վարել Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի վերահսկիչ խորհրդի նախագահ, ՄԻԲՍ Երևան բժշկական կենտրոնի ՄՌՏ բաժանմունքի բժիշկ-ռադիոլոգ Գարիկ Հովհաննիսյանը:
Մասնակիցների կողմից ներկայացվեցին բավականին հետաքրքիր և
դիտարժան զեկույցներ: Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Մոնպելիեի Համալսարանական Հիվանդանոցի Նեյրոռադիոլոգիայի բաժանմունքի բժիշկ ռադիոլոգ Նիկոլա Մանժո դե Շանֆլյողին, ով ներկայացրեց էպիլեպսիայի ՄՌՏ դիագնոստիկայի և էպիլեպսիայի համար մշակված հատուկ ՄՌՏ պրոտոկոլների վերաբերյալ մի քանի զեկույցներ: Շնորհակալություն ենք հայտնում նաև մեր ֆրանսիահայ գործընկեր, նյարդաբան Մանվել Աղասարյանին՝ էպիլեպսիայի բուժման մեթոդների մասին ներկայացված հետաքրքիր զեկույցների համար (Կողբեյ-Էսոն, Ֆրանսիա) և իհարկե, Մոնպելիեի Համալսարանական Հիվանդանոցի Նեյրոռադիոլոգիայի, Օնկոլոգիայի և Սրտի ՄՌՏ-ի բաժանմունքների աշխատակից Կարեն Մխիթարյանին, ում անմիջական նախաձեռնությամբ և մասնակցությամբ հնարավոր դարձավ իրականացնել այս սեմինարը:
Հայաստանից զեկույցներ ներկայացրեցին Էրեբունի ԲԿ-ի նյարդաբանության բաժանմունքի ղեկավար Նունե Եղիազարյանը, Արաբկիր ԲԿ-ի մանկական նյարդաբանության բաժանմունքի վարիչ, բ.գ.թ. Բիայնա Սուխուդյանը, ՄԻԲՍ Երևան բժշկական կենտրոնի ՄՌՏ բաժանմունքի վարիչ, Ռադիոլոգների հայկական ասոցիացիացիայի քարտուղար Նարեկ Մատինյանը և Համալսարանական նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների վիրաբուժության մասնագիտացված կենտրոնի բժիշկ, ընդհանուր և էնդովասկուլյար նյարդավիրաբույժ, բ.գ.թ. Տիգրան Խաչատրյանը:
Սեմինարի ընթացքում հայ և ֆրանսիացի մասնագետների կողմից ներկայացվեցին և քննարկվեցին էպիլեպսիա հիվանդության ՄՌՏ դիագնոստիկայի և բուժման ժամանակակից մեթոդները, ինչպես նաև ոլորտին առնչվող այլ հարցեր:
Սեմինարն ընթանում էր հայերեն և անգլերեն լեզուներով` սինխրոն թարգմանությամբ, ինչի համար հատուկ շնորհակալություն ենք հայտնում Էրեբունի ԲԿ-ի Քնի խանգարման կենտրոնի ղեկավար, նյարդաբան Սամսոն Խաչատրյանին, ով փայլուն կերպով իրականացրեց այդ դժվարին աշխատանքը:
Ռադիոլոգների հայկական ասոցիացիան իր խորին շնորհակալությունն է հայտնում սեմինարի մասնակիցներին և բոլոր նրանց, ովքեր աջակցեցին սեմինարի կայացմանը:
Մենք շարունակելու ենք համագործակցությունը մեր արտասահմանյան գործընկերների հետ: Հետագայում ևս սպասվում են նմանատիպ այլ հանդիպումներ: