ESSR դասընթաց Երևանում
Մայիսի 25-26-ը Երևանում առաջին անգամ անցկացվեց Ոսկրամկանային ճառագայթաբանության եվրոպական ասոցիացիայի դասընթաց-սեմինարը: Սա ESSR-ի արտագնա ծրագիրն է, որի ժամանակ փորձառու խոսնակների թիմն այցելում է հյուրընկալող երկիր և անցկացնում ոսկրամկանային ճառագայթաբանության ուսուցողական դասընթաց:
ESSR-ի գլխավոր խդիրներից է այս ծրագրի միջոցով բարձրացնել ոսկրամկանային խանգարումների ախտորոշման և բուժման մասին գիտելիքների մակարդակը և տրամադրել եվրոպական ֆորում՝ ոսկրամկանային ճառագայթաբանության ուսուցման և հետազոտության համար, ինչպես նաև նպաստել եվրոպական երկրների տեղական խմբերի և ասոցիացիաների կրթական գործունեությանը:
Եվրոպայից ժամանած առաջատար մասնագետները՝ բժ. Արա Կասարջյանը, բժ. Պրուդենսիա Թիրելլը և պրոֆ. Լեննարտ Ջանսը երկօրյա սեմինարի ընթացքում ներկայացրեցին դասախոսություններ ոսկրերի վնասվածքների, արթրիտի և ուռուցքների ճառագայթաբանության վերաբերյալ՝ համապատասխան կլինիկական դեպքերով:
Ծրագիրն իրականացվեց Ոսկրամկանային ճառագայթաբանության եվրոպական ասոցիացիայի, Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի և ԵՊԲՀ համատեղ կազմակերպությամբ և Տակեդա ընկերության հայաստանյան ներկայացուցչության, Տոշիբա ընկերության, General Electric ընկերության բարձր հովանու ներքո:
Ռադիոլոգների հայկական ասոցիացիան շնորհակալություն է հայտնում Հայկական բարեգործական ընդհանուր միությանը՝ դասընթացը հյուրընկալելու համար, ինչպես նաև Եվրոպայից ժամանած պատվավոր հյուրերին, բոլոր կազմակերպիչներին, մասնավորապես՝ Կոստան Գալումյանին, Մարինա Ալոյանին, թիվ մեկ հիվանդանոցային համալիրի օրդինատորներին և հովանավորներին՝ միջոցառումն իրականացնելու համար: Հատուկ շնորհակալություն նաև «Սոմնուս» քնի և շարժողական խանգարումների կլինիկայի ղեկավար, նյարդաբան, սոմնոլոգ, բգթ. Սամսոն Խաչատրյանին՝ դասընթացի համաժամանկյա թարգմանությունն ապահովելու համար: