Ռադիոլոգիայի համագումար 2018
Հունիսի 30-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Տիգրան Մեծ» դահլիճում տեղի ունեցավ Ռադիոլոգիայի հայկական առաջին համագումարը: Այն անմիջապես հաջորդում էր «Որովայնի ուռուցքային հիվանդությունների ճառագայթային ախտորոշում» դասընթացին, որն անցկացրեցին Ռադիոլոգիայի եվրոպական դպրոցից Հայաստան ժամանած պատվավոր դասախոսները:
Համագումարին մասնակցում էին ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի մասնագետները, ովքեր ներկայացրեցին ախտորոշիչ ռադիոլոգիայի և ինտերվենցիոն ռադիոլոգիայի վերաբերյալ հետաքրքիր զեկույցներ՝ հագեցած կլինիկական դեպքերի քննարկումներով: Հյուրերի շարքում էր Ռուսաստանի ռենտգենոլոգների և ռադիոլոգների միության գործադիր տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Սերգեյ Մորոզովը:
Պատվավոր հյուրերին և մասնակիցներին ողջունեց ՌՀԱ նախագահ, բ.գ.թ. Կոստան Գալումյանը:
Այնուհետև Քեմբրիջի համալսարանում օնկոլոգիական ճառագայթաբանության պրոֆեսոր Էվիս Սալան ներկայացրեց միզասեռական համակարգի, արգանդի ֆունկցիոնալ ՄՌՏ հետազոտության վերջին նորությունները:
ՀՀ ԱՆ գլխավոր ճառագայթաբան բ.գ.թ. Գեղամ Աղաբեկյանը ներկայացրեց թիմուսային էկտոպիկ հյուսվածքների ուլտրաձայնային ախտորոշման առանձնահատկությունների վերաբերյալ իր զեկույցը:
Սուր պանկրեատիտի ճառագայթային ախտորոշման մասին զեկույց ներկայացրեց Աթենքի «Konstantopouleion» գլխավոր հիվանդանոցի ռադիոլոգիայի բաժ. ղեկավար պրոֆեսոր Խարիկլիա Տրիանտոպուլուն:
Ռադիոլոգիայի եվրոպական դպրոցի հիմնադիր, Ռադիոլոգիայի երոպական միության առաջին նախագահ, հարգարժան պրոֆեսոր Նիկոլաս Գուրտսոյաննիսը խոսեց մուլտիդիսցիպլինար թիմերի, դրանց կառուցվածքի, դերի և հեռանկարների մասին:
Այնուհետև ելույթ ունեցավ Նաիրի ԲԿ-ի ինտերվենցիոն ռադիոլոգ Արամայիս Գալումյանը, ով ներկայացրեց աշխարհի նորագույն, նվազագույն ինվազիվ տեխնոլոգիաներից մեկը՝ ուռուցքների ռադիոհաճախական աբլացիայի մեթոդը, որը վերջին տարիներին կիրառվում է նաև Հայաստանի բժշկական պրակտիկայում:
Ցյուրիխի Լեյկ հիվանդանոցի ռադիոլոգիայի բաժ.ղեկավար, պրոֆեսոր Խրիստոֆորոս Ստուպիսը ներկայացրեց հեպատոբլիար կիստոզ օջախների վերաբերյալ իր զեկույցը:
ՄԻԲՍ ԲԿ-ի փոխտնօրեն, ՌՀԱ քարտուղար Նարեկ Մատինյանը խոսեց գլխուղեղի հազվադեպ հանդիպող ախտահարումների ՄՌՏ ախտորոշման առանձնահատկությունների մասին:
Ընդմիջումից հետո զեկույցով հանդես եկան ԵՊԲՀ ռադիոլոգիայի ամբիոնի դասախոս Մարինա Ալոյանը, ով ներկայացրեց նեյրոռադիոլոգիական կլինիկական դեպքեր, և Աստղիկ Բկ-ի ՄՌՏ ախտորոշման բժիշկ Գարիկ Հովհաննիսյանը, ով խոսեց ծնկան հոդի վնասվածքների դեպքում ՄՌՏ հետազոտության առավելությունների մասին:
Համագումարն ավարտեց Էրեբունի ԲԿ-ի ինտերվենցիոն սրտաբան Արսեն Ծատուրյանը, ով ներկայացրեց ինտերվենցիոն ռադիոլոգիայի մեկ այլ տեխնոլոգիա՝ միջզարկեարակային էմբոլիզացիան որպես արգանդի ֆիբրոմիոմայի և շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի բուժման նվազագույն ինվազիվ եղանակ:
Միջոցառումը նշանավորվեց նաև յուրահատուկ անակնկալներով: Հյուրերին և բոլոր ներկաներին անչափ հուզեցին երիտասարդ ու տաղանդավոր երաժիշտները, ովքեր, Հայկ Կարոյի Կարապետյանի գլխավորությամբ, համադրելով հայկական ժողովրդական երաժշտությունն ու ժամանակակից գործիքավորումը, գրավեցին հյուրերի ուշադրությունը և մշակույթային տարրեր հաղորդեցին գիտական հանդիպմանը:
Հաջորդ անակնկալը հարգարժար պրոֆեսոր Գուրտսոյաննիսի պարգևատրումն էր՝ Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի պատվավոր անդամ կոչումով, ինչը մեզ համար մեծ պատիվ էր:
Երկօրյա գիտակրթական այս ծրագրերը խոշոր իրադարձություն էին ռադիոլոգիայի ոլորտում և ընդունվեցին մեծ ոգևորությամբ: Շնորհակալություն ենք հայտնում Ռադիոլոգիայի եվրոպական դպրոցի դասախոսներին, արտերկրից ժամանած պատվավոր հյուրերին, խոսնակներին և բոլոր մասնակիցներին, համաժամանակյա թարգմանությունն ապահովող նյարդաբաններ Սամսոն Խաչատրյանին և Հասմիկ Ամիրջանյանին, ինչպես նաև մեր հովանավորներին, ՌՀԱ օրդինատորներ Մերի Դավթյանին, Աղավնի Գալստյանին, Կայֆաջյան Ժանետային իրենց աջակցության համար և հատուկ շնորհակալություն Մարիաննա Հարությունյանին իր անգնահատելի օգնության համար: