Այց Գյումրի
Սույն թվականի հոկտեմբերի 28-ին Գյումրու Մոր և մանկան ավստրիական մանկական հիվանդանոցում տեղի ունեցավ հանդիպում Շիրակի մարզում գործունեություն ծավալող ռադիոլոգների և Երևանից ժամանած պատվիրակության միջև, որի կազմում էին ՀՀ ԱՆ գլխավոր ախտորոշիչ ճառագայթաբան Գեղամ Աղաբեկյանը, Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ Կոստան Գալումյանը, ասոցիացիայի քարտուղար Նարեկ Մատինյանը և ասոցիացիայի վերահսկիչ խորհրդի նախագահ Գարիկ Հովհաննիսյանը:
Հանդիպմանը ներկա էին Գյումրու Մոր և մանկան ավստրիական մանկական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը և Շիրակի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանը, ովքեր իրենց ելույթում ողջունեցին ռադիոլոգների հետ մարզային հանդիպումներ կազմակերպելու գաղափարը, ինչպես նաև հայտնեցին իրենց պատրաստակամությունը` բազմակողմանի ձևով աջակցելու մեր երկրում ռադիոլոգիայի զարգացման գործընթացին:
Այնուհետև ելույթ ունեցավ ՀՀ ԱՆ գլխավոր ախտորոշիչ ճառագայթաբան Գեղամ Աղաբեկյանը, ով ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարության կողմից կարևորվող ռադիոլոգիային առնչվող հիմնահարցերը, ինչպես նաև մշակվող նոր գործելակարգերի ներդրման առանձնահատկությունները:
Ելույթ ունեցավ նաև Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ Կոստան Գալումյանը, ով ներկայացրեց ասոցիացիայի գործունեությունը, կատարված և պլանավորվող աշխատանքները, ինչպես նաև Ռադիոլոգիայի եվրոպական ասոցիացիայի կողմից մշակված ծրագրերը:
Այնուհետև, հանդիպման մասնակիցները քննարկեցին մարզում աշխատող ռադիոլոգներին հուզող հիմնական խնդիրները: Արդյունքում որոշվեց նմանատիպ հանդիպումները դարձնել շարունակական, իսկ հաջորդ այցի ժամանակ կազմակերպել նաև գիտագործնական սեմինար, որի ժամանակ նախապես առաջարկված թեմաների շուրջ ելույթ կունենան հանրապետության առաջատար մասնագետները:
Հանդիպման ավարտին հյուրերն իրենց շնորհակալությունը հայտնեցին Շիրակի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությանը` ի դեմս առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանի, բազմակողմանի աջակցության համար:
Հանդիպումից հետո կազմակերպվեց շրջայց Գյումրու Մոր և մանկան ավստրիական մանկական հիվանդանոցում, որի ընթացքում հյուրերը ծանոթացան ինչպես հիվանդանոցի ռադիոլոգիական հագեցվածությանը, այնպես էլ նրա ընհանուր կառուցվածքին:
Հանդիպման ավարտին Երևանից ժամանած պատվիրակությունն իր հիացմունքը և շնորհակալությունը հայտնեց Աշոտ Կուրղինյանին, թե բարձրակարգ հյուրընկալության համար, թե 1992 թվականին կառուցված, սակայն անչափ խնամված տեսք ունեցող Գյումրու Մոր և մանկան ավստրիական մանկական հիվանդանոցի բարեխիղջ և պրոֆեսիոնալ կառավարման համար:
Նմանատիպ մարզային հաջորդ հանդիպումը նախատեսվում է կազմակերպել Լոռու մարզում: